Հայաստանին ամերիկյան ներդրումներ խոստանալը կարող է բլեֆ լինել՝ նման կարծիք է հայտնել ԱՊՀ երկրների ինստիտուտի առաջատար գիտաշխատող Ալեքսանդր Դուդչակը։ «Գումարների տարօրինակ չափեր են նշվում, հարց է՝ ո՞վ է վճարելու իրականում։ Բազմիցս է պատահել, երբ Թրամփի հայտարարություններն արվել են զուտ տպավորություն գործելու համար։ Այս հայտարարությունը կարող է ուղղված լինել էներգետիկ ընկերությունների բաժնետոմսերի աճին, և դա նրանց բավարար է։ Այդ ներդրումները չեն լինելու»,- շեշտել է փորձագետը։               
 

Բացի ատոմակայանից՝ ԱՄՆ-ին հարկավոր է Սյունիքի ընդերքը

Բացի ատոմակայանից՝ ԱՄՆ-ին հարկավոր է Սյունիքի ընդերքը
11.02.2026 | 15:13

Հայկական ատոմակայանի փակման ծրագիրը դրված էր դեռ էն գլխից: Դեռ ՀՀՇ-ն չէր ձևավորվել, բայց ստամբոլցյանենք Մեծամորի ատոմակայանի մասին «ուժսներ» էին պատմում. Իբր, 4-գլխանի երեխաներ են ծնվում ատոմակայանի պատճառով, իբր, մեր ողջ ստորգետնյա ջրերն ու Արարատյան դաշտավայրի սնունդը ռադիացիոն են և այլն, ատոմակայանը փակենք, Ջերմուկի ջրերն արտահանենք, առոք-փառոք ապրենք:

Բաքվի ու Սումգայիթի ջարդերից հետո առաջին պլան մղվեց Ղարաբաղը: Ատոմակայանի բնականոն աշխատանքը խաթարվեց, հետո նորանկախ Հայաստանը ընկղմեցին ցրտի ու մթի մեջ, ոչնչացվեց ջեռուցման համակարգը: Հիանալի գործող էներգահամակարգը, նույնպես կանգնեց ոչնչացման եզրին: Հովհարային անջատումները դարձան սովորական բան:

ԼՏՊ-ն այդ ընթացքում երկիրը խցկեց ԱՊՀ, ՀԱՊԿ, ռուսական ռազմաբազան խարսխեց, Ղարաբաղի հարցի ճակատագիրը Բիշքեկում կանխորոշեց, խաղաղության ու պատերազմի ճառն ասաց ու թռավ:

Այնուհետ, ատոմակայանը վերանորոգվեց ու գործարկվեց: Անցած 30 տարիներին ով ասես չխոստացավ նոր ատոմակայան կառուցել՝ ԵՄ-ը, Ռուսաստանը, այժմ ամերիկացիները մոդուլային ատոմակայան են խոստանում:

ԼՏՊ-ն կրկին իշխանություն է, ՀՀՇ-ն լուծարելուց հետո նոր խմբակներով է գործում, Ղարաբաղի հարցը լուծել է:

Ի՞նչ են ուզում ամերիկացիները Հայաստանից: Ցանկանում են ռուսական կախվածությունի՞ց ազատել երկիրը:

Ամերիկան կանգնած է գոյաբանական խնդրի առաջ, Ամերիկային փող է պետք, շատ փող: Որտեղից, ինչ միջոցով՝ կապ չունի:

Հայաստանում ատոմակայան կառուցելու նպատակները հետևյալն են:

Արհեստական բանականության մրցավազքում հաղթելու են այն կորպորացիաները, որոնք աշխարհի տարբեր կետերում, հնարավորինս շատ տվյալների կենտրոններ ու դրանք սպասարկող ենթակառուցվածքներ կունենան: Արհեստական բանականությունը լավ բան է, բայց այն պահանջում է կայուն և էժան էլեկտրաէներգիա: Առայժմ ամենակայուն էներգիայի աղբյուրը ատոմայինն է:

Ամերիկացիներն արդեն իսկ հայտարարել են, որ Հայաստանում ցանկանում են ԱԲ-ի կենտրոն հիմնել: Նման կենտրոն են ցանկանում հիմնել Սաուդյան Արաբիայում: Այսինքն, այնպիսի երկրներում, որոնք թույլ ու հնազանդ կլինեն: Այդ ԱԲ ենթակառուցվածքները աշխատեցնելու համար անհրաժեշտ է նվազագույն աշխատակազմ, մեծ աշխատատեղեր չեն բացվելու:

ՀԷՑ-ի շուրջ ստեղծված վիճակը այս մասին է:

Նախ, փակել Մեծամորի ատոմակայանը:

Հետո ԱԲ կենտրոններ Հայաստանում կբացվեն, մոդուլային ատոմակայաններ կկառուցվեն, թե ոչ՝ դա դեռ հարց է:

Այդ ծրագրերը 2-3 ամսում, կամ տարում իրագործվող ծրագրեր չեն: 2 տարի անց Թրամփը նախագահ չի լինելու, եթե վաղաժամկետ պաշտոնանկ չարվի: Նրա բոլոր նախաձեռնությունները մնալու են թղթի վրա:

Բայց Հայաստանը կարող է զրկվել էներգետիկ սուվերենությունից: Գործող ատոմակայանի պարագայում Հայաստանը ԱԲ տեխնոլոգիաների մասով կարող է առաջարկներ ստանալ ոչ միայն ԱՄՆ-ից: Բայց առանց ատոմակայանի, Հայաստանը կարող է ինքն իրեն էներգիայով ապահովելու խնդիրներ ունենալ:

Նոր ժամանակներում «սուվերեն էներգահամակարգ» ունեցող երկրները քիչ են, սուվերեն էներգահամակարգը ռազմական համակարգից պակաս կարևոր չէ:

Ֆրանսիան ԵՄ առաջատար երկիր է հենց էներգետիկ սուվերենության շնորհիվ, որովհետև էներգահամակարգը պետական է, հիմնական աղբյուրը ատոմակայաններն են:

Բացի ատոմակայանից, ԱՄՆ-ին հարկավոր է Սյունիքի ընդերքը: ԹՐԻՓՓ աֆյորայի նպատակը դա է: Այդ աֆյորան չունի որևէ տրանզիտ պոտենցիալ: Գլխավոր նպատակը Սյունիքի պղինձը, մոլիբդենն ու ուրանը էժան և անվտանգ ձևով արտահանելն է: Վրաստանով ճանապարհը անվտանգ չէ, ռուսներին մոտ է:

Մեր երկիրը մեր աչքի առաջ լուծարվում է, մենք չեն հավատում:

Մեծամորի ատոմակայանը հին է, պետք է փակվի: Բայց այդ ատոմակայանի գլխավոր ռեսուրսը մասնագետներն են, որոնք, լավ թե վատ, պատրաստվել են հայկական բուհերում:

Ամերիկացիների մյուս սյուրփրայզը հետախուզական դրոններն են: Մենք 2019-ին հատը 100 միլիոն դոլարով ռուսական անպիտան ՍՈՒ-30 գնած հպարտ երկիր ենք: Մենք 6 միլիոն դոլարով Ջենիֆեր Լոպեսին երգացրած երկիր ենք, 11 միլիոնի եղածն ի՞նչ է, որ ամերիկյան հետախուզական դրոններ չառնենք:

Բայց մի րոպե, ու՞մ ենք հետախուզելու,

Ադրբեջանի՞ն, չէ, նրանց հետ խաղաղություն է:

Թուրքիային ու Վրաստանի՞ն, չէ, էլի չի կպնում:

Մեր բարեկամ Իրանի՞ն, ռուս-ամերիկյան պատվերո՞վ, թուրք-ազերական ծափողջյունների տա՞կ...

Դե, մենք «շուստրի» ժողովուրդ ենք, ո՞վ պիտի գլխի ընկնի...

Գալիք ընտրությունները ճակատագրական են լինելու: Ռուսամետության կամ արևմտամետության մասին ցանկացած խոսույթ պետք է արհամարհել:

Հայաստանի լինել-չլինելու հարցն է:

Արա Արայան

Դիտվել է՝ 256

Մեկնաբանություններ